«Հարութ Փամբուկչյանն էլ էր շատ հուզվել».Տաթեւ Բաղդասարյան
Ապրիլի սկզբին կայացավ մեծանուն երգիչ Հարութ Փամբուկչյանի կատարմամբ «Ես առանց քեզ» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրված է երգչի կնոջ` Ռուզաննա Փամբուկչյանի հիշատակին: Տեսահոլովակում երգչի կնոջ կերպարը մարմնավորում է 17-ամյա ՏԱԹԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով, ի դեպ սովորում է Երևանի Մշակույթի պետական քոլեջի ռեժիսուրա բաժնի 2-րդ կուրսում: «Իրավունքի» հետ զրույցում Տաթեւիկն ասաց, որ Ռուզաննայի կերպարում հանդես գալու համար իրեն ընտրել է հենց տեսահոլովակի ռեժիսոր ԽԱՉԻԿ ԵՂՈՅԱՆԸ, որը նրան հանդիպել է քասթինգի դպրոցներից մեկում: Իսկ, երբ առաջին անգամ, ՀԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆՆ է հանդիպել Տաթեւին` նախ շատ հուզվել, ապա ասել է`«Դու իմ փոքրիկ Ռուզաննան ես»:
Իսկ նկարահանման ընթացքի ու լեգենդի հետ իրենց համատեղ աշխատանքի մասին Տաթեւը պատմեց, որ նկարահանումների օրերին եղել է լարված և հուզված, քանի որ իր համար մեծ պատասխանատվություն է աշխատել Հարութ Փամբուկչյանի հետ: Սակայն, ըստ Տաթեւի, ստեղծագործական թիմը, հենց երգչի հետ միասին, արել է ամեն բան, որպիսի այդ լարվածությունը ամբողջությամբ վերանա: Դերասանուհու խոսքով` նկարահանումների օրերին իրեն շատ է օգնել նաև քոլեջը, որտեղ նա այժմ նա ուսանում է թատրոնի և կինոյի ռեժիսուրա. «Թե՛ կուրսեցիներս, թե՛ դասախոսներսը ինձ շատ են աջակցել ու ոգեշնչել, որպիսի տեսահոլովակում լավ հանդես գամ»,-երախտագիտությամբ շեշտեց Տաթեւն ու հավելեց. «Չեմ կարող մոռանալ այն օրերը, որոնց ընթացքում աշխատել եմ լեգենդի հետ, այն կարծես ինձ համար մի ակնթարթ լիներ, իմ ողջ կյանքի ընթացքում չեմ կարող մոռանալ: Պարոն Փամբուկչյանը շատ էր պատմում իր մանկությունից, իր և Ռուզաննայի հետ անցկացրած տարիներից: Ինձ խորհուրդներ էր տալիս ներկայի ու ապագայի համար: Պիտի ասեմ, որ նկարահանման ժամանակ Հարութ Փամբուկչյանն էլ էր շատ հուզվել, երբ առաջին անգամ ինձ տեսավ` ասաց. «Դու իմ փոքր Ռուզաննան ես»,- նշեց Տաթեւը:
Թեպետ տեսահոլովակում սկսնակ դերասանուհու տեսարանները շատ չեն, բայց նա արժեւորելով այն ընդգծեց. «Ինձ համար մեծ արժեք ունեն թեկուզ այդ փոքր կադրերը: Կարևորն այն էր, որ Հարութ Փամբուկչյանն իմ կատարած աշխատանքը ստացված համարեց»,-նշեց դերասանուհին ու շտապեց շեշտել, որ այդ հարցում իրեն օգնել է երգչի հետ ունեցած զրույցները. «Հարութ Փամբուկչյանի հետ ունեցած իմ զրույցներն ամեն վայրկյան ինձ օգնել են և յուրաքանչյուր զրույց ինձ էլ ավելի է ոգեշնչել, հատկապես, որ նկարահանման ողջ ընթացքում լարված և հուզված էի: Բացի այդ նկարահանումների ժամանակ նա շատ անմիջական էր և ստեղծում էր այնպիսի մթնոլորտ, որպիսի ընդանհրապես չզգամ մեր մեջ եղած տարիքային զգալի տարբերությունը, այսինքն` անում էր ամեն բան, որպեսզի ես լավ հանդես գամ եւ նրա հետ շփվեմ ինչպես հարազատը հարազատի հետ»,- եզրափակեց Տաթև Բաղդասարյանը: